Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մշակույթն իրենց մեջ կրողները կամերային երաժշտությունը կփոխարինեն «դմփ-դմփ-հու»-ով

Մշակույթն իրենց մեջ կրողները կամերային երաժշտությունը կփոխարինեն «դմփ-դմփ-հու»-ով
05.03.2019 | 01:19

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն օրերս հանդիպել էր լրագրողների հետ՝ պարզաբանելու, թե ինչպես է նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների «ճակատագրի» մասին ներքին շրջանառության փաստաթուղթը հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Շուրջ երկու ժամ տևած հարցուպատասխանից հետո լրագրողները ոչ միայն չհասկացան` ի վերջո ի՞նչ է լինելու «սև ցուցակում» հայտնված ՊՈԱԿ-ների հետ, այլև ավելի խճճվեցին: Կարճ ասած՝ ըստ նախարարի պաշտոնակատարի, ոչ մի էական բան էլ չէր եղել, ուղղակի լրագրողներն ու ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մի բաժակ ջրում աղմուկ էին բարձրացրել, իրենք էլ խեղճ-խեղճ, բայց բարեսրտորեն հանդարտեցնում էին թեժացած կրքերը: Հանդիպման ժամանակ մշակութային ոլորտի թիվ մեկ պատասխանատուից մեզ համար նորագույն մաթեմատիկա բացահայտեցինք: Ըստ Ղարիբյանի, միավորումը թվերի փոփոխություն չի ենթադրում, օրինակ` եթե 5 ՊՈԱԿ-ներից երկուսը միավորվում են, ապա ՊՈԱԿ-ների թիվը ոչ թե 4 է դառնում, այլ 5 էլ մնում է: Ասել է` ըստ այդ տրամաբանության, եթե բնակարանը 5-սենյականոց է, և տանտերը որոշում է երկու ննջասենյակի միջսենյակային պատը քանդել ու դրանք իրար միացնել, ապա բնակարանը շարունակելու է 5-սենյականոց համարվել` չնայած այն հանգամանքին, որ արդեն ոչ թե 5, այլ 4 սենյակ ունի:


Տեղեկացանք նաև, որ նոր կառավարիչներն աշխատանքի բոլորովին նոր ձևաչափ են որդեգրել. միմյանց հետ սևագրերով են շփվում: Պարզվում է՝ այժմ կարելի է նաև խզբզած, նշումներ արած, ավելի քան 20 մարդու ձեռքի տակով անցած, էթիկապես ոչ կոռեկտ թղթակտոր ուղարկել կառավարությանն ու վարչապետին: Հետաքրքիր է՝ ի պատասխան այդ սևագրի ի՞նչ են ասելու վարչապետի օգնականներն ու խորհրդականները: Երևի հորդորելու են հաջորդ անգամ փաստաթուղթ-սևագրի մեջ ավելի շատ ջնջումներ անել՝ տպավորություն ստեղծելու, թե ավելի շատ են աշխատել, գլուխ ջարդել, քննարկել և այլն: Իրականում որևէ նախարարություն կամ վարչություն վարչապետի հետ սևագրերով չի հաղորդակցվում, դա ոչ միայն էթիկայի հարց է, այլ նաև ներքին փաստաթղթաշրջանառության չգրված օրենք, որին հետևում են բոլորը: Հետևաբար մշակույթի նախարարության ամեն տեսակի արդարացումները, թե դա ընդամենը սևագիր է, և իրենց առաջ ՊՈԱԿ-ների որոշակի թվից որոշակի թվի անցնելու խնդիր դրված չէ, բարձրացված բողոքի ալիքը լռեցնելու տարբերակ է ընդամենը: Եվ ինչքան էլ համոզեն, բարձրաձայնեն, թե օպտիմալացումը գործունեության համախմբում է ենթադրում, միևնույն է, գոնե ես լավ եմ հիշում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախորդ տարվա դեկտեմբերի 13-ի ելույթը, թե «այն պաշտոնյաները, որոնք իմ հանձնարարականները չեն կատարի, թող վեշերը հավաքեն ու գնան»: Հետևաբար` մշակութային օջախների միավորման խնդիրը ոչ թե միայն դրանց բովանդակությանն ու կազմակերպմանն է վերաբերում, այլ դրանց մասով նոր իշխանությունների որդեգրած`օպտիմալացման անվան տակ իրար միացնելու, լուծարելու, փակելու ու ամեն գնով խնայելու քաղաքականությանը:


Մշակութային օջախներն անհասկանալի կերպով իրար կցմցելու քաղաքականությունը պատճառն է նաև այն հոգեբանական խոր ճգնաժամի, որ ապրիլից ի վեր պատուհասել է հասարակության մեծամասնությանը: Հրագի ու Հայկ Ստվերի հեղափոխական, դուխով երգերի կողքին նոր կառավարիչների համար երևի իմաստազրկվել է Կոմիտասի անվան լարային քառյակի գոյությունը: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն ունենալու կարիք էլ չկա, քանի որ Նիկոլ անունով օղի, կոնֆետ ու խանութ կա արդեն: Թատրոն այցելել առհասարակ պետք չէ, Կարգին քաղաքապետի կարգին սերիալներով էլ ենք բավարարվում: Մշակույթն իրենց մեջ կրողները Մանսուրյանով, Մանարյանով ու Չեքիջյանով չէին հետաքրքրվի, եթե վերջիններիս միջոցով PR անելու միտումը չլիներ: Այո, կամերային երաժշտության ու կամերային թատրոնի անհրաժեշտությունն էլ չկա, հիմա միայն «դըմփ-դըմփ-հու» գոռացողներ ու թմբուկ զարկողներ են անհրաժեշտ՝ սպասվող հերթական խրոխտ հանրահավաքին թավշե հու՜-հու՜ համանվագ զարկելու համար:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ